ՀԱԿ-ը չի ընդունում ընտրությունների հրապարակված արդյունքները
ՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներից.
2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ
2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։
Մասնավորապես՝
● Քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01։00-ն մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունը աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին, և պահանջում է համակողմանի քննություն։
● Իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։
● Իշխանության նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։
● Հանրային հեռուստատեսությունը կոպտորեն խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։
● Ընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։
● Բազմաթիվ տեղամասերից ստացվել են տեղեկություններ ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաև իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ լուրջ խախտումների վերաբերյալ։
● Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք էականորեն խաթարել են գործընթացի թափանցիկությունը և լրացուցիչ կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։
● Մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։
● Արձանագրվել են արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, մեր գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։
● Ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի (իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5 տոկոսից էլ պակաս) արդյունքների հրապարակումից հետո սեփական հաղթանակի մասին իշխանության հրապարակային հայտարարությունն արվել է այն պահին, երբ դեռ տեղամասերի մեծամասնությունում հաշվված չէին քվեների մեծ մասը։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները, նախնական տվյալներով չստանալով իրենց ակնկալած արդյունքները, որոշել էին այդ հայտարարությամբ կոպտորեն միջամտել ընտրական գործընթացին եւ ապօրինաբար փոխել քվեարկության վերջնական արդյունքը։
● Մաթեմատիկական վերլուծությունը, հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, երևան է հանում իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման ապացույցներ, ինչը պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն և միջազգային մակարդակով գնահատական։
Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն։ Ուստի, այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն։ Տալ յուրաքանչյուր խախտման իրավական գնահատականը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար։
Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ արդյունավետ և լեգիտիմ իշխանություն միայն այն դեպքում, երբ իշխանության ձևավորման հիմքում դրված է ժողովրդի ազատ կամարտահայտությունը, այլ ոչ թե վարչական ճնշումը, անհավասար մրցակցությունը, վախի մթնոլորտը և ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը խաթարող համակարգային խախտումները։
Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...