Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության հետքերով․ ինչ է բացահայտվել․ CivilNet

Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության հետքերով․ ինչ է բացահայտվել․ CivilNet

 «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հնարավոր ՌԴ քաղաքացիության թեման լայն քննարկումների առարկա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեցին ռուսական ռեգիստրներից ստացված փաստաթղթեր, որոնցում նրա քաղաքացիությունը նշված էր որպես Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին գրում է Civilnet-ը: 


«Կարապետյանը հաստատեց, որ փաստաթղթերում նշված անձն ինքն է, սակայն պնդեց, որ քաղաքացիության վերաբերյալ տվյալը սխալ է, ինքը ՀՀ քաղաքացի է և երբեք չի ունեցել օտարերկրյա որևէ անձնագիր։ 


Կայքը ուսումնասիրել է բաց և ոչ հրապարակային աղբյուրներից ստացված տվյալները, ինչպես նաև գործընկեր «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների ծրագրի» (OCCRP) աջակցությամբ իրականացրել լրացուցիչ հետազոտություն՝ պարզելու, թե արդյոք առկա են Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալը հաստատող փաստաթղթեր։ 


Ինչպես սկսվեց քաղաքացիության շուրջ քննարկումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին հրապարակել էր ՌԴ-ում գործող «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» (ООО «МосПромЭксплуатация») ընկերության պետական ռեգիստրի քաղվածքից մի հատված, որտեղ երևում էր, որ Նարեկ Կարենի Կարապետյանը տվյալ ընկերությունում ունի մասնաբաժին, իսկ քաղաքացիության դաշտում նշված է՝ ՌԴ քաղաքացի։ 


Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Կարապետյանի կողմից օտարերկրյա քաղաքացիության մասին տեղեկությունը թաքցնելու առերևույթ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հաստատել էր, որ հիշատակված ընկերության բաժնետեր է, սակայն պնդել էր, որ ռեգիստրում քաղաքացիության վերաբերյալ արված նշումը վրիպակ է։ Կարապետյանը նաև հայտնել էր, որ իր իրավաբաններն արդեն զբաղվում են այդ խնդրով և դիմել են համապատասխան մարմիններին։ Մայիսի 21-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։ 


«ՄոսՊրոմԷքսպլուատացիա»-ի և «Տաշիր» խմբի կապը Ռուսական իրավաբանական անձանց պետական միասնական ռեեստրի (ЕГРЮЛ) տվյալները ցույց են տալիս, որ ընկերությունը փոխկապակցված է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբի հետ։ Ըստ Իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի (ЕГРЮЛ)՝ «ՄոսՊրոմԷքսպլուատացիայի» հիմնական սեփականատերն ու կառավարող կառույցը «ՍԿ-ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունն է, որի հիմնադիրների թվում են «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, «Տաշիր Կապիտալ» և «Աքսեն Էսթեյթ» ընկերությունները»,- ասվում է հոդվածում։



Ավելին՝ սկզբնաղբյուրում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250