Թրամփի դստեր սպանության ծրագիր է մշակվել
«Կատաիբ Հեզբոլլահ» իրաքյան խմբավորման հրամանատար Մոհամմադ Բաքր Սաադ Դաուդ ալ-Սաադին, ով Թուրքիայից արտահանձնվել է Միացյալ Նահանգներ, մտադիր էր սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին։
Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին տեղեկացնում է Դը Նյու Յորք Փոստը։ Ահաբեկչական գործունեություն ծավալած անձի մոտ հայտնաբերվել է Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների՝ Ֆլորիդայում գտնվող առանձնատան մանրամասն հատակագիծը։
«Ո՛չ ձեր պալատները, ո՛չ էլ գաղտնի ծառայությունը ձեզ չեն պաշտպանի։ Մեր վրեժը միայն ժամանակի հարց է», - նշել է ահաբեկիչը։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ ալ-Սաադին թուրքական իրավապահների կողմից ձերբակալվել էր մայիսի 15-ին, ինչից հետո արտահանձնվել է ԱՄՆ։ Այնտեղ նրան մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգներում և ողջ Եվրոպայում իրականացված 18 հարձակումների ու ահաբեկչական փորձերի համար։ Մեղադրյալի կողմից համակարգվում էին ամերիկյան և իսրայելական օբյեկտների դեմ ուղղված հարձակումները, որոնք կազմակերպվել էին ի պատասխան Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության։