Քաղաքականություն

Ծառուկյանի արձագանքը՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը

Ofelya
 Ծառուկյանի արձագանքը՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։



«Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե այդ ձևի է պահում, ուրեմն նայում եմ, որ գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնում են, որ այն առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրել են միայն տուգանքի մատերիալ»,- պնդում է Ծառուկյանը։


Ծառուկյանի խոսքով՝ պատերազմը նույնպես եղել է իշխանությունների քաղաքականության հետևանք։


«Ալիևին վիրավորելով պատերազմ հրահրեց, որի հետևանքով եղավ պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողերի հանձնում։ Իսկ դրանից հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել։ Դա մեր ազգին պատիվ չի բերում», - ասել է նա։


ԲՀԿ առաջնորդը նշել է, որ վարչապետի ներկայիս պահվածքը, իր գնահատմամբ, կապված է քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ։


«Բոլորը հասկանում են, որ առաջվանը չի։ Գիտի, որ վերջը եկել է։ Էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ Կարամ գրեմ ու ստորագրեմ», - ընդգծել է Ծառուկյանը։


Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անշարժ գույքի հետ, Ծառուկյանը նշել է, որ այդ թեման արհեստականորեն է շահարկվում։


«Գուլոյան Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն է, գործարար մարդ է, ամբողջ Հայաստանը ճանաչում է։ Մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ է։ Հիմա այդ “ռեկլամ” անելը, որ տունը պետականացրել են, ժողովուրդը դա չի ընդունում։ Գուլոյանի տղան միլիոնատեր մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է, բիզնես ստեղծել։ Իմ աղջիկը տուն պիտի չունենա՞», - ասել է նա։


Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ թեմաների մասին, ինչը, ըստ նրա, քաղաքական նպատակներ ունի։


«25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր հարկերը վճարվել են, ամեն ինչ օրինական է։ Սա նշան է, որ արդեն իրենք զգում են՝ վերջը եկել է», - նշել է ԲՀԿ առաջնորդը։


Նա նաև հայտարարել է, որ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր «Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են»։


«Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել։ Ժողովուրդը հիմա իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի», - եզրափակել է Ծառուկյանը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250