Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով կսպասվի գների բարձրացում․ Գալստյանը չի բացառում
Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարումների խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակում առկա մարտահրավերների և հաստատված դրամավարկային քաղաքականության վերաբերյալ զեկույցը։
«Պարենային ապրանքների թանկացման ռիսկ կա, ինչն արդեն իսկ մասամբ սկսել է իրականություն դառնալ»,- նշել է Կենտրոնական բանկի նախագահը։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր աշխարհում սրվել են Մերձավոր Արևելքում հակամարտության, էներգակիրների գների աճի ու մեծ տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների սահմանափակման հետ կապված անկայունությունն ու ռիսկերը։ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նույնպես նկատվում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման և գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։
«Մասնավորապես՝ ԱՄՆ-ի տնտեսական աճը վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է՝ արձանագրելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում տնտեսական աճի թուլացման միտումը շարունակվել է։ Իսկ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին»,- նշել է Գալստյանը։
Միևնույն ժամանակ, ինչպես մատնանշել է Կենտրոնական բանկի նախագահը, 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է բարձր տնտեսական ակտիվություն գրանցվել, ինչին մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ոլորտների զգալի աճը։
«Վերջին ամիսներին ծառայությունների ոլորտի բարձր ակտիվությունն ուղեկցվում է նկատելի կառուցվածքային տեղաշարժերով դեպի այն ենթաճյուղեր, որոնց աճը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ։ Նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման որոշակի ազդակներ, ինչն առաջին հերթին արտահայտվում է Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ»,- եզրափակել է ԿԲ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթու...
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...