Բանկերը 1-1.5%-ով կնվազեցնեն պարտաճանաչ ՓՄՁ-ների վարկերի տոկոսները․ ԿԲ նախագահ
Երևանում կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը նվիրված էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ միջազգային ու տեղական գործընկերների իրականացրած և իրականացվող օժանդակության ծրագրերի ներկայացմանը, նաև առկա խնդիրների և մարտահրավերների քննարկմանը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով միջոցառման տրամաբանությանը, որոշակի դիտարկումներ ներկայացրել է Կենտրոնական բանկի նախաձեռնությունների վերաբերյալ:
«Որպես կանոն, Կառավարությունը, նաև մենք միշտ փորձել ենք օժանդակել Հայաստանում խնդիրների բախված ընկերություններին և անհատներին: Այս անգամ էապես փոխել ենք մեր մոտեցումը. մտածում ենք, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է շնորհակալ լինենք և, իմ պատկերացմամբ, աջակցենք նախևառաջ այն ընկերություններին, որոնք ստեղծում են արդյունք, պարտաճանաչ են իրենց գործունեությունում, չունեն որևէ խնդիր բանկային համակարգի հետ և աշխատում են ի բարօրություն մեր երկրի: Բանկերի մեր գործընկերներն արձագանքել են մեր կատարած քայլին, նաև խնդրանքին ու հորդորին և նրանց էական մասն արդեն հայտարարել է, որ նման ընկերությունների համար վարկային տոկոսադրույքները 1-1.5 տոկոսով նվազելու են՝ թե՛ ապագայում տրամադրվելիք, թե՛ գործող վարկերի համար: Դրա արդյունքում, կարծում եմ, նոր խթան կհաղորդենք զարգացման այն ծրագրերին, որոնք մեր հաջողակ փոքր ու միջին ընկերություններն ունեն»,- նշել է Մարտին Գալստյանը:
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի՝ ապրիլից գործող նոր կարգավորմամբ, առևտրային բանկերն արդեն մայիսից կարող են 1-1.5 տոկոսով նվազեցնել պարտաճանաչ վարկառու ՓՄՁ-ների դրամային վարկերի տոկոսները:
«Մեր տվյալներով՝ այս որոշումն ազդեցություն ունեցավ շուրջ 20 հազար վարկերի կամ ընդհանուր առմամբ 200 մլրդ դրամ վարկային մնացորդի վրա: Բացի այդ, այս փոփոխությամբ՝ բանկերն այսուհետ հնարավորություն կունենան ավելի մեծ ծավալի ռեսուրսներ ուղղել ՓՄՁ վարկավորմանը՝ դրա դիմաց ունենալով ավելի քիչ կապիտալ միջոցներ»,- հայտնել է նա:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության աճի և կայունության ցուցանիշները կարևոր ազդեցություն ունեն հատկապես ՓՄՁ-ների վրա, որոնք շատ զգայուն են տարբեր տատանումների նկատմամբ:
«Վերջին տարիներին մեր ցուցանիշներն այնքան լավն են, որ հնարավորություն ենք ունեցել բարելավել նաև մեր վարկանիշը: Իհարկե, վարկանիշն ածանցվում է միջազգային շուկայում մեր թողարկած արժեթղթերի տոկոսադրույքներից, որոնք գտնվում են պատմական ամենացածր մակարդակին: Եթե մեր ռիսկի հավելավճարը մի քանի տարի առաջ մոտավորապես 600 բազիսային կետ էր, հիմա 150 բազիսային կետ է: Սա, իհարկե, Կառավարության իրականացրած քաղաքականության և միջազգային իրավիճակի գնահատականն է, որը նաև մատչելի ռեսուրսներ է ստեղծում մեր բանկային համակարգի, նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար: Բայց, կարծում եմ, կա մի խնդիր, որի լուծման ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկա տարիներին. փոքր և միջին ձեռնարկությունների համար չափազանց կարևոր է մրցակցային առողջ միջավայրի ձևավորումը, որովհետև կան վերլուծություններ, որոնցում ասվում է, որ Հայաստանում ռեսուրսները ոչ միշտ են հոսում այնպիսի ուղղություններով, որտեղ կա բարձր արտադրողականություն և նորարարություն»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...