ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտրիճ Ներսիսյանը վաղուց ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ–ի քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է փաստին, որ նախօրեին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։Դիտարկմանը, որ Մայր Աթոռի տարածած տեսանյութում երևում է, որ նրանք գրկախառնվում են, և Սամվել Կարապետյանը թփթփացնում է կաթողիկոսի ուսին, արդյոք դա եկեղեցական կանոնների խախտում չէ, Փաշինյանն ասաց. «Կտրիճ Ներսիսյանն այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկեղեցու հասցեին։ Հիմա կգրկախառնվեն, չգիտեմ ինչ կանեն, արդեն այդ արագանքը ի սկզբանե կա, հետևաբար այն մնացած հատվածները ձեր թույլտվությամբ չմեկնաբանեմ։
Կտրիճ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ, այնպես է անում, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի և ինքը մնա ստվերում՝ իր պաշտպանությունը ապահովելու համար։ Բայց ես կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաև այս իրավիճակը»։
Նա նկատեց, որ նորություն չէ, որ եկեղեցին քաղաքական դիրքորոշում է արտահայտում. «Հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ է զբաղված և դրա դրսևորումները կան։ Ընդ որում քաղաքական հակապետական գործունեությամբ է զբաղված, քրեական գործեր կան։ Ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, ի վերջո փաստերը իրենց տեղում են։ Սա էլ հո այն դեպքը չի, որ մեկը ասում է՝ ես անցնելիս լսել եմ։ Բոլոր փաստերը հստակ արձանագրված են անբեկանելի և անսասանելի ձևով։ Համենայնդեպս, ես համացանցում հրապարակված են, և այդտեղ լրացուցիչ մեկնաբանությունների տեղ նույնիսկ չկա էլ»։