Գլխավոր դատախազն անդրադարձել է Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված դեպքին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավաստիացնում է, որ Վեդիում անչափահաս քույրերի հանդեպ կիրառված սեռական բռնության դեպքը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Ազգային ժողովում նա նշեց. «Վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո»։
Գլխավոր դատախազը տեղեկացել է կատարվածի մասին այն հանրայնացվելուց անմիջապես հետո։ Պատասխանելով այն մտահոգություններին, թե ինչու տվյալ գործով դեռևս կալանավորված անձ չկա, Վարդապետյանը նշեց, որ խափանման միջոցի հետ կապված մտահոգությունը կարճ ժամանակ անց կփարատվի։
«Այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»,- շեշտեց Աննա Վարդապետյանը։
Հիշեցնենք` ՔԿ-ից հայտնել էին, որ 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք: