Մոսկվայում մի քանի օր կսահմանափակվի բջջային կապի հասանելիությունը
Մոսկվայում մայիսի 5-ից 9-ը նախատեսվում են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների ուղարկման ժամանակավոր սահմանափակումներ։
Մոսկվայի բնակիչները կապի օպերատորներից ստանում են զգուշացումներ մայիսի 5-ից 9-ը սպասվող սահմանափակումների մասին, ինչը պայմանավորված է տոնական միջոցառումների նախապատրաստմամբ և անվտանգության ապահովմամբ։ «Билайн» ընկերությունը հաստատել է այս տեղեկությունը՝ բաժանորդներին խորհուրդ տալով օգտվել Wi‑Fi-ից և ակտիվացնել VoLTE գործառույթը ձայնային զանգերի համար։
Ըստ ոլորտային աղբյուրների՝ այս տարի սահմանափակումներն ավելի հզոր կլինեն, քան նախորդ տարի, և կտարածվեն ՄԿԱԴ-ի ողջ տարածքում։ Նմանատիպ անջատումներ Մոսկվայում առաջին անգամ կիրառվել են մեկ տարի առաջ, որից հետո փորձը տարածվել էր ողջ Ռուսաստանում՝ անօդաչուների հարձակումների դեմ պայքարի նպատակով։ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սվինցովը հավելել է, որ հնարավոր է սահմանափակվի նաև լարային ինտերնետը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 9-ի շքերթն այս տարի կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ 2007 թվականից ի վեր առաջին անգամ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ կրճատված ձևաչափը պայմանավորված է օպերատիվ իրավիճակով և Կիևի կողմից բխող սպառնալիքներով։ Վերջին օրերին Մոսկվայում արձանագրվել են դրոնների հարձակումներ, որոնցից մեկը վնասել է Կրեմլից 6 կմ հեռավորության վրա գտնվող բնակելի շենք։