Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով «Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը կուղարկվի դատարան. գլխավոր դատախազ

Ofelya
Մարտի 1-ի գործով «Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը կուղարկվի դատարան. գլխավոր դատախազ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին։ Պատգամավորը, հիմնվելով ՄԻԵԴ-ի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճռի վրա, հետաքրքրվել է պետության կողմից մահաբեր ուժի կիրառման և անհամաչափ գործողությունների գործով քննության ընթացքով։


Աննա Վարդապետյանը նշել է, որ Եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են և հիմք են հանդիսացել նոր մեղադրանքների ու գործերը դատարան ուղարկելու համար։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ազատության հրապարակի հանրահավաքները եղել են խաղաղ մինչև 2008-ի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները, ինչն էլ դրվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով մեղադրանքների հիմքում։


«Եվրոպական դատարանը հստակ արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների նշանների՝ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունները»,- նշել է Վարդապետյանը՝ հավելելով, որ այս հանգամանքն ընկած է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքների հիմքում։


Գլխավոր դատախազի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունները պետք է դիտարկել որպես շղթայական գործողությունների արդյունք։


«Չի կարելի տարանջատել 10 անձանց սպանությունը․ դա հետևանք է մարտի 1-ի առավոտից սկսած գործողությունների, որոնցում ներգրավված են եղել ոչ միայն ոստիկանությունը, այլև զինված ուժերը»,- ասել է նա։ 


Նրա ներկայացմամբ՝ Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա ձևավորվել է իրավական մոտեցում, ըստ որի՝ խոսքը վերաբերում է բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցմանը, որը համարվում է խոշտանգում կամ խոշտանգմանը հավասարեցված վարքագիծ և չի ենթադրում վաղեմության ժամկետ։


Վարդապետյանը տեղեկացրել է, որ արդեն դատարան են ուղարկվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք գործեր, որոնք գտնվում են դատաքննության փուլում։ Նմանատիպ տրամաբանությամբ քննվում են նաև Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի դրվագները, իսկ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման դրվագով։


«Առաջիկայում դատարան կուղարկվի նաև «Չերյոմուխա»-ի կիրառման հետ կապված դրվագը։ Եվրոպական դատարանը կարևոր արձանագրում է անում, որ առանց պատշաճ պատրաստվածության և սահմանված կարգի նման միջոցների կիրառումը առաջացնում է հետևանքներ, որոնց համար պատասխանատու են ոչ միայն անմիջական կիրառողները, այլև նրանք, ովքեր թույլ են տվել դրա կիրառումը»,– նշել է գլխավոր դատախազը։


Նա նաև հավելել է, որ դատարան ուղարկված գործերը դեռևս կհամալրվեն նոր մեղադրանքներով, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնք, ըստ քննության տվյալների, ներգրավված են եղել զինված ուժերի օգտագործման գործընթացում։


Հիշեցնենք՝ Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:  


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250