Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ումբակի բանտային համալիր
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից ստացված տեղեկության համաձայն՝ նրան ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։ Այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։
Սիրանուշ Սահակյանի խոսքով իրավիճակը գնահատվում է անհանգստացնող, քանի որ նոր հաստատությունում պահման պայմանների վերաբերյալ թափանցիկություն չկա։ Խախտվում են միջազգային իրավունքի երաշխիքները. ընտանիքի անդամներին նախապես չեն տեղեկացրել տեղափոխման վայրի, ժամկետների և հնարավոր փոփոխությունների մասին։ Բացակայում է հավաստի տեղեկատվություն գերիների առողջական վիճակի և բժշկական օգնության հասանելիության վերաբերյալ։ Անցած տարվա սեպտեմբերից Ադրբեջանում ԿԽՄԿ գործունեության դադարեցումից հետո ստույգ տեղեկություններ չկան, թեև ընտանիքների հետ հեռախոսազանգերը պահպանվում են։
«ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։
Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող ենք արձանագրել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից»,- ասել է Սահակյանը։