Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը մեկ հարթակում․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ExIm տեղեկատվական հարթակը։
Միջոցառմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցներ։ Նախագիծն իրագործվել է ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համապատասխան Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է թվային փոխակերպման և միջազգային համագործակցության ճանապարհին։
«Մեր տեսլականի հիմքում Հայաստանը որպես տարածաշրջանային և համաշխարհային տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույց դիրքավորելու հավակնոտ նպատակն է։ Մենք ձգտում ենք կերտել մի համակարգ, որտեղ մաքսային և հարկային գործընթացների բեկումնային թվայնացումը և ինտեգրումը կվերացնեն արհեստական արգելքները՝ ապահովելով անհպում, թափանցիկ և կանխատեսելի միջավայր։ ExIm տեղեկատվական հարթակն այդ տեսլականի ու ընկալումների առարկայացումն է իրական աշխարհում և համահունչ է Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները»,- ասել է նա։
Հակոբյանը հավելել է, որ սա միայն սկիզբն է և հող է նախապատրաստում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության ներդրման համար։
ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն ընդգծել է, որ ExIm-ի հիմքում մաքսային մարմնի աշխատանքային փորձն է։ Ըստ նրա՝ նպատակը հանրային ու հասանելի միջավայրի ստեղծումն էր, որտեղ տեղեկատվությունը կդյուրացնի ԱՏԳ-ն։
Գերմանիայի դեսպանության կցորդ Էվա Մեյերը շեշտել է, որ նախաձեռնությունը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու արտահանման ու ներմուծման թափանցիկ ընթացակարգեր։
ExIm տեղեկատվական հարթակի առանձնահատկությունները
ExIm-ը «մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական թվային հարթակ է ԱՏԳ մասնակիցների համար։ Այն մեկտեղում է արտահանման, ներմուծման և տարանցման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ բիզնեսին ազատելով տարբեր պետական մարմիններում փնտրտուքներից։ Համակարգը եռալեզու է։
Թվային հարթակ բոլորի համար
Հարթակը հասանելի է բոլոր սուբյեկտներին՝ փոքրից մինչև խոշոր բիզնեսներ, մաքսային ներկայացուցիչներ, լոգիստիկ ընկերություններ և սկսնակ ձեռնարկատերեր։
ExIm-ի հնարավորությունները
Համակարգը ներառում է մաքսային ընթացակարգերի նկարագրություններ, օրենսդրություն, փաստաթղթերի ցանկեր, ժամկետներ և սահմանափակումներ։ Օգտատերերը կարող են ծանոթանալ հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին և գանձապետական հաշիվներին։ Հարթակում առկա են պարզեցված ուղեցույցներ և քայլերի հաջորդականություն։
Հարթակից օգտվելը՝ պարզ և արագ
Մուտքն ազատ է առանց գրանցման։ Օգտատերը ընտրում է ուղղությունը, մուտքագրում ապրանքի անվանումը կամ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, նպատակը և երկիրը, ինչից հետո համակարգը տրամադրում է ամբողջական տվյալները։ Հատուկ հաշվիչների միջոցով կարելի է նախապես հաշվարկել մաքսազերծման ծախսերը, օրինակ՝ ավտոմեքենա ներմուծելիս։ Առկա է նաև տեղեկատվություն բողոքարկման ընթացակարգերի մասին։