Հասարակություն

10.000 դրամ են խոստացել «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. ՔԿ

Ani S.
10.000 դրամ են խոստացել «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:


Այնուհետև, ապրիլի 11-ին Ա.Խ.-ի կողմից վարձակալած, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:


Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):


Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250