Դեպի թշնամական բլոկ. Օվերչուկը սպառնում է Հայաստանին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին քննարկումները կարող են հարցեր առաջացնել ՌԴ-ում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ։
«Եթե հայկական երկաթուղին պահպանվի, այն ստիպված է լինելու մնալ այնպիսի ճանապարհ, որը սպասարկում է սեփական տնտեսության կարիքները, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը կայանում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման մեջ, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, սակայն եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա փոխադարձության սկզբունքից ելնելով՝ արդարացի կլինի հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկայություն ունենալ և շահույթ ստանալ Հայաստանում, ապա ինչու՞ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկայություն ունենալ և շահույթ ստանալ Ռուսաստանում»։
Օվերչուկն ընդգծել է, որ արտաքին տնտեսական կապերը «երկկողմանի ճանապարհ են»։ «Առանց փոխադարձ առևտրի ապրանքների տեղաշարժ չի լինում, և հայկական երկաթուղու բեռնվածությունն էլ դրանից է կախված։ Ռուսաստանում գործեր վարող հայկական բիզնեսը պետք է ուշադրություն դարձնի դրան։ Չէ՞ որ մեզ մոտ հարցը հենց այդպես է դիտարկվում, և այդ մասին պետք է բացահայտ խոսել»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրոպական միություն, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական բլոկ։
«Այն, ինչ մենք տեսնում ենք հայկական երկաթուղու կոնցեսիայի շուրջ տեղի ունեցող պտույտների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը զգալի տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի համար թշնամական ռազմաքաղաքական բլոկի»,- արձանագրել է Օվերչուկը։
Նա նաև ընդգծել է, որ «ուզո՞ւմ են հայերը դառնալ Ռուսաստանի համար թշնամական բլոկի մաս, թե՞ ոչ՝ դա հայերի իսկ գործն է»։
«Մեզ համար ակնհայտ է, որ նրանց պատրաստում են դրան, ինչպես ակնհայտ են նաև նման զարգացումների երկարաժամկետ ծանր հետևանքները», — նշել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը։
Ըստ Օվերչուկի՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։