Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. ես այդ թոշակի կարիքը չունեմ. Հակոբ Ասլանյան
Ալեն Սիմոնյանը ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժ–ամանակ հայտարարեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այսօրվա հայտարարությանը, թե Հակոբ Ասլանյանը ՔՊ խմբակցության նիստի ժամանակ «լաց էր լինում և աղաչում, որ մնա խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»։
«Ես լաց լինե՞մ։ Կներեք, երեք անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինե՞լ։
Հարց մեկ. եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու էի ես գնում Ֆակտոր TV և ինքս հայտարարում, որ սառեցնում եմ իրենց հետ գործունեությունը։ Ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել են։ Եվ հետո մի փոքրիկ բան, որ մինչև հիմա չեմ ասել. որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին Ամերիկաները և Աստրախանները, փորձել էին իմ տղայի և իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։
Ասում է՝ ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ։ Ես 56 տարի աշխատել եմ իմ հայրենիքում և այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար»,–ասել է Ասլանյանը։
Հարցին՝ որքանո՞վ է բարոյական Նիկոլ Փաշինյանի մասին ասել՝ «ռադը քաշի գնա», այն դեպքում, երդ դուք էլ ՔՊ–ի ցուցակով եք հայտնվել ԱԺ–ում, պատգամավորը պատասխանել է. «Ձեր ամբողջ կյանքում չի եղե՞լ մարդ, ում հետ լավ եք եղել, հետո ձեր հարաբերությունները դադարեցրել եք։ Ես Նիկոլ Փաշինյանին իշխանության չեմ բերել, իրենք են ինձ հրավիրել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ իրենք կադրային սով ունեին։
Թող իրենք հիշեն, թե 2021 թվականի ընտրությունների ժամանակ Գյումրիում Սուրեն Պապիկյանն ինչպես էր ասում՝ իսկ այժմ ելույթ կունենա Արցախյան երեք պատերազմի մասնակից, վերջին պատերազմում ծանր վիրավորված Հակոբ Ասլանյանը։ Նրանք օգտագործեցին այդ բանը։
2018–ին խնդիր կար բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին։ Շարժումը գնում էր «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով, չէր ասվում՝ «քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին»: Եթե այդպես ասվեր, շատ ու շատ մարդիկ չէին ընտրի Նիկոլին։ Հենց սկզբից էր խաբկանքը դրված»։
Հարցին՝ գո՞հ է իր արած քայլից, որ մերժել է Սերժին, Ասլանյանն նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի սխալվելու, մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ-որ ձևով եղել ենք ներքին ընդդիմություն։ Դուք չեք տեսնո՞ւմ, որ պարոն Աղազարյանին և ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ: Մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է իշխանությունը թիրախավորում իրեն, Հակոբ Ասլանյանն ասել է. «Որովհետև երեկ ես շատ ցավալի բառով եմ ասել, որ երկու ամիս է մնացել, ձեզ պետք է ռադ անեն։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի»։
Նա նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ ձևով կարողանում է օգտագործել այն մանիպուլյացիոն գաղափարը, որ «եթե ես չլինեմ, կգա Քոչարյանը», իսկ ժողովուրդը Քոչարյանի նկատմամբ մի լրիվ ուրիշ մերժողական մոտեցում ունի»։