Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին

Mariam Z. 1 րոպե 259 դիտում
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն քարոզարշավին, այլ դրան նախորդող ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումների շարք է ունենալու Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


«Ընդ որում՝ հանդիպումների շարքը լինելու է ոչ թե մեծ մասսայական միջոցառումների մակարդակով, այլ հենց բակերով, այգիներով, գյուղամեջերով՝ շրջելով, մարդկանց հետ զրուցելով և հանրային տրամադրությունները պարզելով, որովհետև ինչպես տարբեր առիթներով ասել ենք՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը այն ծրագիրն է, որի թեզերը առաջ են քաշվում բացառապես հենց տվյալ ոլորտի ներկայացուցիչների կողմից»:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Տոնոյանը նշել է, որ իր համար անընդունելի է այն գործելաոճը, որ երկրի իշխանությունների ղեկավարը՝ աշխատանքային օրվա մեծ մասը օգտագործում է բացառապես ինչ-որ տարօրինակ ու անհասկանալի չելենջների հայտարարություններ անելով:


«Ես կարծում եմ, սա արդեն արմատացած գործելաոճ է՝ հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ու տեսարաններ ապահովելու: Եթե ամեն ինչ այդքան հիանալի է իշխանությունների ռեյտինգի, հանրային տրամադրությունների առումով, ապա ինչի՞ համար է այս ցայտնոտը, ինչի՞ համար են այս անհասկանալի հյուրախաղերը, ամենօրյա ռեժիմով վիդեոուղերձների հրապարակումը: Ինչ վերաբերվում է կայացած լուրջ քաղաքական ուժերին ու գործիչներին, նրանք ընդամենը աշխատում են կառուցողական դաշտում»,- նշել է նա: 


Խոսելով Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջադեպի մասին՝ Իվետա Տոնոյանը շեշտել է, որ պետք է ֆիքսել ազնվության գործոնը:


«Երբ դու նախ հերքում ես, որ ասել ես նման արտահայտություն, հետո քաղաքական նպատակահարմարությունից ու նախընտրական տրամադրությունների նպատակահարմարությունից ելնելով, միգուցե նաև ոմանց խորհրդով նախընտրում ես ներողություն խնդրել, չեմ կարծում, որ իրավիճակը շտկվում է»:


Անդրադառնալով դատական նիստում դատավորի՝ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը ճանաչելուն՝ Տոնոյանը նշել է, որ իրենց համար անսպասելի էր, որովհետև մինչև այս պահը տեղի ունեցած քաղաքական գործընթացները, որոնք իրավական դրսևորում էին ստանում, իրենց հիմք էին տալիս ենթադրելու, որ դատարանը այլ որոշում է կայացնելու:


«Մեր փաստաբանների խումբը պատրաստ էր հնարավոր բոլոր ատյաններում այդ որոշումը բողոքարկելուց հետո Եվրոպական դատարան դիմել, որովհետև 6 տարի շարունակ քննվող քրեական գործի շրջանակներում, չկա որևէ ցուցմունք ու փաստ Գագիկ Ծառուկյանի դեմ: Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործով նաև կալանավորված է եղել և այս տարիների ընթացքում իրավական ողջ գործընթացներին մասնակցել է: Դեռևս 1-2 տարի առաջ բոլոր հնարավորությունները կար, որպեսզի վաղեմության ժամկետով պայմանավորված այս քրեական գործի քննությունը դադարեցվեր, բայց մեր բոլորի սկզբունքային դիրքորոշումն է եղել, որ պարոն Ծառուկյանի անմեղությունը պետք է ապացուցվի, ինչը և տեղի ունեցավ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250