Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցը՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցը՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Սամվել Շահրամանյանը դատարան էր դիմել՝ պնդելով, թե 9-րդ դասարանի պատմության դասագրքում ներառված այն ձևակերպումը, ըստ որի «ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր», կեղծ է և հանդիսանում է զրպարտություն ու վիրավորանք։
Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը բազմիցս նշել է, որ այդ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։ Դատարանի վճռում նշվում է, որ պատասխանողը առարկել է հայցի դեմ՝ ընդգծելով, որ դասագրքում զրպարտություն պարունակող տվյալներ չկան, իսկ ներկայացված տեղեկությունները հիմնված են Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածված հաղորդագրության վրա։
Դատարանը արձանագրել է, որ տվյալ գործով հիմնավորված չէ այն հանգամանքը, թե նշված տեղեկատվության տարածմամբ արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վճռում նշվում է նաև, որ ներկայացված գրավոր ապացույցներով չի հաստատվել պատասխանողների կողմից հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու դիտավորության առկայությունը։
Դատարանը եզրակացրել է, որ անբավարար են նաև այն ապացույցները, որոնք կվկայեին պատասխանողների կողմից հայցվորի հեղինակությունը նսեմացնելու փաստի մասին։





























