Գազայի հետ Ռաֆահ անցակետը կվերաբացվի երկարատև դադարից հետո
Իսրայելական իշխանությունները հայտնել են, որ շաբաթավերջին երկու ուղղությամբ կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը, ինչը պաղեստինցիներին թույլ կտա գրեթե երկու տարի փակ լինելուց հետո ելումուտ անել տարածք։
Գազայի օգնությունը համակարգող իսրայելական ռազմական մարմինը՝ COGAT-ը, ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ թույլատրվելու է «միայն մարդկանց սահմանափակ տեղաշարժ»։
Ռաֆահ անցակետի վերաբացումը կարևոր քայլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Գազայի հրադադարի ծրագրի շրջանակում։ Անցակետը, որը Գազայի արտաքին աշխարհի գլխավոր դարպասն է, հիմնականում փակ է եղել 2024 թվականի մայիսից։
Նշվում է, որ անցակետով անցնող անձանց կստուգեն ինչպես Իսրայելը, այնպես էլ Եգիպտոսը, իսկ վերահսկողությունը կիրականացնեն Եվրամիության սահմանապահ ծառայության աշխատակիցները։
Պատերազմի ընթացքում Գազան լքած պաղեստինցիներին թույլ կտրվի վերադառնալ՝ Իսրայելի անվտանգության համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելը նախկինում դեմ էր անցակետի վերաբացմանը, սակայն երկուշաբթի օրը Գազայում պահված վերջին պատանդի մնացորդների հայտնաբերումը նպաստել է այս գործընթացի առաջընթացին։





























