Քոչարյանը՝ «TRIP» ծրագրի շահերի մասին

Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «TRIP»-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար, և հայկական շահը այստեղ ընդհանրապես չի երևում։ Նրա խոսքով՝ Հայաստանը ծրագրում նույնիսկ կողմ չէ, այլ կիսակողմ է։ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը կարող է Հայաստանը հանել բախման կետից միայն այն դեպքում, եթե այն ընդլայնվի, բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես եթե ծրագրին միանան, օրինակ, Չինաստանը կամ Ռուսաստանը։


«ԹՐԻՓՓ-ը պետք է մեծանա, կարող է լինել 2 «TRIP»: «TRIP» 1-ը՝ Մեղրիի հատված, «TRIP» 2-ը՝ Նախիջևանի հատված»,– ասել է նա՝ հավելելով, որ հնարավոր է դա կազմակերպչական առումով ավելի հեշտ ձևավորվի, սակայն բովանդակությունն ու կարգավորումները նույնը կլինեն։


Քոչարյանը ընդգծել է, որ չպետք է ստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը դառնում է Ադրբեջանի և Թուրքիայի համար նախատեսված ծրագիր։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը առաջ մղել, սակայն նա չի տեսնում ԱՄՆ-ի տնտեսական շահը։


Նա նշել է, որ Միացյալ Նահանգներ–Հայաստան և Միացյալ Նահանգներ–Ադրբեջան արտաքին առևտրի ամբողջ ծավալը կազմում է ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին առևտրի մոտավորապես 0.004 տոկոսը։ Քոչարյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում տնտեսական շահ գրեթե չունի, և այս հետաքրքրությունը, ըստ նրա, կապված է Իրանի հետ և Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելու հարցի հետ։ Նա հավելել է, որ այլ բացատրություն չի տեսնում և ընդգծել, որ այս ծրագրով Հայաստանը հայտնվում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։

Քաղաքականություն