Պետական կառավարման փոփոխությունների նպատակը «զրո կոռուպցիա» քաղաքականությունն է. Փաշինյան

Պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունների նպատակն է ունենալ անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության շրջանակում։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամտային մասը աճել է ավելի քան 130 տոկոսով։ Նա նշեց, որ 2025 թվականի բյուջեում պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 4 տոկոսով, ինչը կազմում է շուրջ 6,5 միլիարդ դրամ։


«2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի և այլ ծախսերի ֆոնդը կրճատել ենք 6,5 միլիարդ դրամով։ Սա արվել է այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը ինքնուրույն գտնի անարդյունավետ ծախսերը, ավելորդ հաստիքներն ու միավորները, որոնց վրա պետական միջոցներ են ծախսվում»,- ասել է վարչապետը։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծախսերի կրճատումից հետո ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության պիլոտային համակարգ, որը փորձարկման փուլում է և ապագայում նախատեսվում է այն օրենսդրորեն ամրագրել։


«Մենք դա անում ենք, որովհետև մեր ռազմավարության կարևոր բաղադրիչն է պետական ինստիտուտների և ընդհանուր առմամբ պետականության ուժեղացումը»,- նշել է վարչապետը։


Նա ընդգծել է, որ դեռևս 2018 թվականին ձևակերպված տեսլականի համաձայն՝ իշխանությունների նպատակը անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պետական պաշտոնյա ունենալն է։


«Մենք ուզում ենք ունենալ բառի բուն իմաստով անարատ պաշտոնյա՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության իրագործման շրջանակում։ Նոր համակարգը պետք է հիմնված լինի կատարողականի գնահատման վրա, և վարձատրությունը պետք է ուղիղ փոխկապակցված լինի ստանձնած ծրագրային պարտավորությունների և դրանց կատարման ընթացքի հետ»,- եզրափակել է վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ