Ալիևը հայտարարել է Ադրբեջանի երկրորդ «նավթային բումի» հնարավորության մասին
Ադրբեջանը կարող է իր պատմության մեջ երկրորդ խոշոր «նավթային բում» ապրել, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով տարբեր երկրների բիզնեսի ներկայացուցիչների հարցերին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպման ժամանակ։
«Մենք ավելացնում ենք գազի արտադրությունը և կրճատում նավթի արտադրությունը, բայց մենք ունենք նավթի արտադրությունը կայունացնելու ծրագրեր։ Դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց մենք ունենք հիմնավորված հույսեր, որ կարող ենք երկրորդ, շատ նշանակալի «նավթային բում» ապրել Ադրբեջանում, եթե միջազգային էներգետիկ ընկերությունների կողմից իրականացվող հետախուզական նախագծերը լավ արդյունքներ տան», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի առաջին «նավթային բումը» տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Բաքուն դարձավ նավթարդյունաբերության համաշխարհային կենտրոններից մեկը։





























