Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին
Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին: Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Թեև ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում՝ հրացաններով և ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության և պլանավորման մասին: Նրանց անհապաղ հարձակումները ռազմական և ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու և օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին»,- հայտարարել է նա:
Վերջինս նշել է, որ պետք է հստակ տարբերակել բողոքի ցույցերն ու անկարգությունները, քանի որ խաղաղ ակցիաները պայմանավորված են երկրում առկա տնտեսական խնդիրներով: Դրան զուգահեռ ի հայտ է եկել ապակառուցողական շարժում, որը որևէ կապ չունի տնտեսական պահանջների հետ: Հետևաբար, Լարիջանիի խոսքով, բախումներ և բռնություն հրահրողները, սպանություններ և հրկիզումներ իրականացնողները խիստ կպատժվեն։





























