Կիևի պլանները վտանգի տակ են հայտնվել ԱՄՆ նախագահի դիրքորոշման պատճառով. ԶԼՄ

Ուկրաինական իշխանությունների և նրանց եվրոպացի գործընկերների կողմից մշակված քաղաքական հաշվարկները լրջորեն խաթարվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպման արդյունքներից հետո։ Այդ մասին գրում է ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը։


Հոդվածում նշվում է, որ բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ չի իրականացվել Կիևի և Եվրոպայի նպատակը՝ համոզել Թրամփին ընդունել Զելենսկու ներկայացրած 20 կետից բաղկացած առաջարկը որպես նոր խաղաղության ծրագիր։


«Երեկվա բանակցությունների գլխավոր արդյունքն այն է, որ կոտրվել է ուկրաինական իշխանությունների և Եվրոպայի պլանը՝ ստիպել Թրամփին ընդունել Զելենսկու 20 կետերը որպես խաղաղության նոր նախաձեռնություն»,- ընդգծվում է հրապարակման մեջ։


Ըստ հոդվածի՝ Սպիտակ տան ղեկավարի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ նա կողմ է, որպեսզի տարածքային հարցերն ու խաղաղության ծրագրի մյուս վիճահարույց կետերը լուծվեն ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ։


Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել է երեկ՝ Ֆլորիդայում։ Դրան նախորդել է Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այդ զրույցը եղել է ընկերական, բարյացակամ և գործնական։


Միևնույն ժամանակ, բրիտանական Financial Times թերթը գրում է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել ուկրաինական քաղաքական շրջանակներում։ 

Քաղաքականություն