Ֆրանսիան նախատեսում է կառուցել նոր ավիակիր. Մակրոն

Ֆրանսիան նախատեսում է կառուցել նոր ավիակիր: Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է լինի «ուժեղ, որպեսզի նրանից վախենան», քանի որ երկիրը ցանկանում է դիրքավորվել որպես ծովային ռազմուժ։


Նոր ավիակիրը փոխարինելու է «Շառլ դը Գոլ» նավին, որի շահագործման ժամկետը սպառվում է 2038 թվականին։


Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ նոր սերնդի ավիակրի ծրագրի արժեքը մոտ 10.25 միլիարդ եվրո է։ Այն նախատեսված է մինչև 30 կործանիչ ինքնաթիռի և մոտ 2000 անձից բաղկացած անձնակազմի տեղակայման համար։ Նավի երկարությունը կլինի 310 մետր, իսկ լայնությունը՝ 85 մետր, ինչով այն չափերով գերազանցելու է «Շառլ դը Գոլ»-ին։


Ֆրանսիան Եվրոպական միության միակ երկիրն է, որը ունի միջուկային զենք։ Ինչ վերաբերում է ավիակիրներին, ապա Եվրոպայում դրանցով ևս զինված են Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Ռուսաստանը և Թուրքիան։

Քաղաքականություն