Կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն. կգործի վարչապետի ենթակայության ներքո
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հաստատել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ՝ Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը զինվորական ծառայություն է, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասել է նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:
Ըստ նրա՝ արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին:
«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- նշել է Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ արտաքին հետախուզության մեթոդներն էական փոփոխություններ են ապրում, և կարևոր է, որ Հայաստանը կարողանա արդի պայմաններին համահունչ զարգացնել իր կարողությունները. «Աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Ուստի այս առումով մենք որոշում ենք կայացրել ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»։





























