Գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման և վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր. ՊԵԿ–ի ամփոփումը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակել է հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների, վարձու աշխատողների չձևակերպման, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումների բացահայտման ուղղությամբ։


ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է բնակչությանը ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս՝ կանխիկ դրամով կամ վճարային քարտերով վճարումներ ընդունելու դեպքում, ներառյալ կանխավճարներն ու մասնակի վճարումները։ Միաժամանակ, գործատուները պարտավոր են պատշաճ ձևակերպել վարձու աշխատողներին և ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն՝ օրենքի պահանջներին համապատասխան։


Կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները։


ՀԴՄ կիրառման կանոնների խախտումներ են արձանագրվել 485 հարկ վճարողի մոտ, որոնց նկատմամբ ընդհանուր առմամբ հաշվարկվել է շուրջ 192.7 մլն դրամի տուգանք։ Այդ խախտումներից 18 հարկ վճարողի դեպքում տուգանքի չափը կազմել է 1.0 մլն դրամ և ավելի՝ ընդհանուր շուրջ 56.8 մլն դրամ։


Վարձու աշխատողների չձևակերպման դեպքեր են արձանագրվել 59 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 56.750 մլն դրամ։ Երեք և ավելի աշխատողի չձևակերպման համար 18 հարկ վճարող տուգանվել է 43.250 մլն դրամով։


«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ են արձանագրվել 25 հարկ վճարողի մոտ, ինչի արդյունքում առաջադրվել է ընդհանուր 9.6 մլն դրամի չափով տուգանք։


ՊԵԿ-ը նաև նշել է, որ հրապարակված ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկումների արդյունքները։


Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պահպանել հարկային կարգապահությունը և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով օրինական, կայուն և վստահելի բիզնես միջավայրի ձևավորմանը։

Քաղաքականություն

Պատահարներ