Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել․ «Հրապարակ»

 Մերձավան համայնքից հեռացած Ախտոյանների հարսն ու թոռները վերջերս ցանկություն են հայտնել վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատների դիմադրությանը։ Գրիգորյաններին նախաքննական մարմինը հարցրել է՝ դեմ չե՞ն լինի, որ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանի կինն ու երեխաները վերադառնան գյուղ, եւ երեխաները գյուղի դպրոց հաճախեն, սակայն Գրիգորյաններն ասել են՝ դա հնարավոր չէ, քանի որ իրենց երեխաները, որոնք 11-12 տարեկան են եւ մյուս կողմի երեխաներին հասակակիցներ, չեն հանդուրժի նրանց զավակներին դպրոցում, կռիվ եւ լարվածություն կլինի։ Ի վերջո, որոշվել է՝ մթնոլորտը չլարելու համար, ձեռնպահ մնալ այդ քայլից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: 


«Ըստ լուրերի, պետությունն Ախտոյաններին տեղավորել է Դիլիջանում։ Մերձավանում այժմ մշտապես ոստիկանական ուժեր են կենտրոնացած, հսկում են ամեն խաչմերուկ ու փողոց։


Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել: Ախտոյանները հեռացել են Մերձավանից։ ՔԿ-ից հաստատել էին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չէին հաղորդել, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց:


Նշենք, որ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի սպանությունն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, երկրում չէ: Նա դեռ Վ․ Գրիգորյանի սպանությունից առաջ էր լքել Հայաստանի Հանրապետությունը եւ մինչ օրս չի վերադարձել։ Ըստ վարկածներից մեկի, Մհեր Ախտոյանը տեղյակ է եղել Վալոդյա Գրիգորյանի առաջիկա սպանության մասին»,- գրում է թերթը:

Քաղաքականություն

Պատահարներ