Նախատեսվում է տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնել վարորդների ոչ սթափ վիճակի ստուգում. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հարթակից։
ԿԿատարվի օրենքի այս փոփոխությունը․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը «մաքուր ալկոհոլի» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի» բառերով»:
Նախագծի հիմնավորում. «Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից»։





























