Հայաստանը դարձել է Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիան վավերացրած 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյին է հանձնել ԱՄԿ թիվ 190 «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիայի վավերագրի բնօրինակը։ Այս մասին հայտնում է մշտական ներկայացուցչության գրասենյակը։ Արարողությանը հաջորդած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ այս կարևոր քայլը արտահայտում է Հայաստանի անշեղ հանձնառությունը՝ ապահովելու արժանապատվություն, հավասարություն և անվտանգություն աշխատանքի աշխարհում։ Նա շեշտել է, որ ոչ մի աշխատող չպետք է բախվի բռնության կամ ոտնձգության, իսկ մարդկանց նման երևույթներից պաշտպանելը կարևոր է ներառական և արդար հասարակություններ կառուցելու համար։
Դեսպան Տոլմաջյանը հավելել է, որ այս կարևոր կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը գենդերային հավասարության առաջմղմանը, հիմնարար իրավունքների պաշտպանությանը և այնպիսի աշխատանքային միջավայրերի ձևավորմանը, որտեղ գերակշռում են հարգանքն ու արդարությունը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ԱՄԿ և միջազգային այլ գործընկերների հետ՝ այս հանձնառությունը վերածելու գործնական քայլերի և նպաստելու արժանապատիվ աշխատանքի համաշխարհային մշակույթի առաջմղմանը։ԱՄԿ գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն ջերմորեն ողջունել է Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը։





























