ՊԵԿ պաշտոնյաները առնչություն չունեն բջջային հեռախոսների մաքսանենգության հետ․ մամուլի խոսնակ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է բջջային հեռախոսների մաքսանենգության վերաբերյալ համացանցում տարածվող տեղեկություններին։
ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն, անդրադառնալով թեմային Ֆեյսբուքում, մասնավորապես, գրել է․ «Բջջային հեռախոսների մաքսանենգությանը ՊԵԿ պաշտոնյաների առնչության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՊԵԿ-ում նման իրավիճակ չկա և չի կարող լինել։ Ընդգծում ենք, որ վերջին շաբաթներին բջջային հեռախոսների մաքսանենգության որևէ դեպք չի արձանագրվել»։
ՊԵԿ խոսնակը հավելել է, որ շրջանառվող տեղեկությունների ստուգման նպատակով, այդուհանդերձ, ՊԵԿ Ներքին անվտանգության վարչությունը նախաձեռնելու է ծառայողական քննություն՝ ներառյալ տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, փաստերի հավաքագրում և իրավիճակից բխող, օրենսդրությամբ նախատեսված, այլ քայլերի ձեռնարկում: «Նմանատիպ անհիմն տեղեկությունների տարածումը լուրջ կասկածներ է առաջացնում շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ։ Չի բացառվում, որ բջջային հեռախոսների մաքսանենգության դեմ ՊԵԿ-ի հետևողական և արդյունավետ պայքարը դժգոհություն է առաջացրել որոշ խմբերի մոտ՝ դրդելով նրանց կառույցի բարի համբավն արատավորելու փորձերի»,-գրել է Լուսինե Մկրտչյանը։
Հավելենք որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ «մաքսանենգ ճանապարհով 400 հատ Iphone տեսակի բջջային հեռախոս է ներմուծվել Հայաստան»։





























