Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են. «Հրապարակ»
Դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատել է` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։
Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:
Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը եւ իրենք մեղադրանքը չեն ընդունում»,- գրում է թերթը։





























