Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»

Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը պատրաստվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայնում է Ասլանյանի գնահատականին, սակայն նշեց, որ առաջիկայում պարզ կլինի՝ արդյոք այդ գործողությունները արդյունք կտան, թե ոչ։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:


«Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ կանենք մեր հնարավորին՝ մեր համեստ կարողություններից ելնելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին չվերարտադրվի, քանի որ կարծում ենք, որ դա մեր պետականությունը կարող է կանգնեցնել լուրջ մարտահրավերների առաջ։


Շուտով նախընտրական տարի կսկսվի, և մենք կներկայացնենք մեր տեսակետներն ու անելիքները։ Ժողովուրդը պետք է որոշի՝ ճիշտ ենք մենք, թե ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք մեծ ֆինանսական կամ մեդիա հնարավորություններ։ Ինչքան մեր տեսակետը կհասնի քաղաքացիներին, դրանից էլ կախված կլինի արդյունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


Հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլում տարածված տեղեկությունները իր կողմից ԱԱԾ մեկուսարան այցելելու մասին, որտեղ գտնվում են Միքայել և Բագրատ Սրբազանները, Աղազարյանը պատասխանեց. «Այո, շատ ջերմ զրույց եմ ունեցել Բագրատ Սրբազանի հետ»։


Հիշեցմամբ, որ նախկինում նա խիստ քննադատել էր Բագրատ Սրբազանին, Աղազարյանը նշեց. «Հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ ներկայացրել, իրենք իրենց տեսակետներն են արտահայտել։ Շատ ջերմ հանդիպում էր, հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը։ Ես կրկին ներկայացրի իմ դիրքորոշումները՝ շարժման մասին պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու հարցը, Սահմանադրության թեման, որը, իմ կարծիքով, վարչապետն է խախտում..., և խոր հարգանք եմ տածում նրա նկատմամբ։ Իմ անունից նշել եմ նաև, որ Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ կատարվողը կապիկություն է»։


Միքայել և Բագրատ Սրբազաններին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հարցին Աղազարյանը պատասխանեց. «Կարող եմ համարել, խնդիր չկա, բայց նրանք հոգևորականներ են, ավելի բարձր՝ քան քաղբանտարկյալը։ Եթե նրանց համար այլ բնորոշում գտնվի, ավելի հետաքրքիր կլինի, որովհետև Միքայել և Բագրատ Սրբազանները քաղաքական գործիչներ չեն, նրանք ավելի վեհ նպատակի համար են անազատության մեջ»։

Քաղաքականություն

Պատահարներ