8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի՝ հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, որոնք, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի դրանից՝ մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Արդյունքում զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և ՊՆ հինգ ծառայողների:
Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։
Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողությու...
Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը
Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Art...
Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում են, որ ՔԿՀ ծառայողները զննության են ենթ...
Վրաստանը խստացնում է բողոքի ակցիաների անցկացման կանոնները
«Վրացական երազանքը» փոփոխություններ է մտցնում օրենքում՝ խստացնելով քաղաքացիների բողոքի արտահայտման պայմանները: Վրաստանի...