UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանին

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանի քննադատություններին՝ բացատրելով, թե իր կարծիքով ինչու հայ մարզիկը չի ստացել թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտի հնարավորություն։


Փիմբլեթը հիշեցրել Օլիվեյրայի դեմ մենամարտը.


«Մարդիկ խոսում են իմ վերջին երեք հաղթանակների մասին, և այո, Թոնի Ֆերգյուսոնը պարտությունների շարք ուներ։ Բայց Բենեիլ Դարիուշը, ում հաղթեց Արմանը, 65 տարեկանի տեսք ուներ, նրա մազերն ամբողջությամբ ճերմակած էին։ Իսկ Չարլզ Օլիվեյրային նա չհաղթեց, թեպետ շատերը հակառակն են պնդում»։


Բրիտանացի մարտիկը անդրադարձել է նաև Ծառուկյանի որակազրկմանն ու տիտղոսային մենամարտի շուրջ ստեղծված իրավիճակին.


«Վանդակից դուրս գալիս Ծառուկյանը հարվածեց երկրպագուին և որակազրկվեց։ Հավանաբար, UFC-ն ստիպված էր հսկայական գումար վճարել, որպեսզի այդ տղան դատի չտա նրանց։ Դրանից հետո նա իրավունք ստացավ մասնակցելու տիտղոսային մենամարտի, բայց ասաց՝ «մեջքս ցավում է, չեմ մտնի վանդակ»։ Իրականում, ամենայն հավանականությամբ, նա ուղղակի չէր կարողանում տեղավորվել քաշային կարգում։ 11 ամիս անգործ մնաց, նրան առաջարկեցին մենամարտել Գամրոտի հետ, բայց նա հրաժարվեց։ Եթե ինձ առաջարկեին մենամարտել մեկի հետ, ով ինձ հաղթել է, ես անմիջապես կհամաձայնեի»։


Փիմբլեթը չի շրջանցել նաև Դեն Հուկերի թեման՝ քննադատելով նրա և Ծառուկյանի մենամարտը.


«Հետո նա մենամարտեց Դեն Հուկերի հետ, կշռման արարողության ժամանակ գլխով հարվածեց նրան և քիչ էր մնում տապալեր ևս մեկ գլխավոր իրադարձություն։ Այժմ հասկանում եք, թե ինչու Ծառուկյանը չի վաստակել հավակնորդի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է Հուկերին, նա թույլ է, ըմբշամարտից ոչինչ չի հասկանում։ Եթե ես գիլիոտին կիրառեի Արմանի վրա, նա ուշագնաց կլիներ։ Բայց եթե քեզ բռնել է Դեն Հուկերն ու քիչ է մնում խեղդի, ուրեմն դու ինքդ էլ ոչնչի պետք չես»,- եզրափակել է Փիմբլեթը։

Քաղաքականություն

Պատահարներ