63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է. Փաշինյան
2018 թվականի համեմատությամբ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106697 մարդով՝ 19 տոկոսով: Ընդ որում՝ ինչի՞ եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին ՀՀ-ում թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱՍՀ նախարարի առաջ խնդիր է դրել թոշակառուների տնտեսական ակտիվացման ծրագրեր նախաձեռնելը:
«Հիմա մեզ մոտ ինչ ընկալում է, որ 63-ը թոշակի տարի՞ք է: Հա՛: 63-ը թոշակի տարիք է: Բայց ես առաջարկում եմ ուրիշ վարժություն անենք. իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը:
Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուների՝ 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասել, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ն ի՞նչ տարիք է: Այսինքն՝ մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, ավարտվեց: Ո՛չ, 63-ում կյանքը չի ավարտվում, 63-ում կյանքը սկսվում է, և մենք մեր թոշակառուների կամ ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք»,- ասել է նա:
«63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետև այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի»,- ասել է Փաշինյանը:





























