Կաթողիկոսի հեռացումը ժամերի հարց է. Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ վարչապետի հանդիպման ընթացքում եպիսկոպոսների հետ քննարկվել է եկեղեցու բարենորոգման թեման։


Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը կուսակրոնության ուխտի խախտման հարցը քննարկել է այն հոգևորականների հետ, որոնց մասին նույնպես մամուլում նման տեղեկություններ կան, Ալեքսանյանը ասաց, որ նման տեղեկությունների մասին տեղյակ չէ։ Նրա խոսքով՝ մինչ այս ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ եկեղեցու խնդիրների մասին պետք չէ խոսել, մինչդեռ այժմ թիրախավորում են այն հոգևորականներին, որոնք, ըստ նրա, հանդես են գալիս պղծության դեմ։


Պատգամավորը հավելեց, որ ընդդիմությունը նախկինում չէր բարձրաձայնում եկեղեցու բարեվարքության խնդիրների մասին։ «Նոր հիշեցի՞ք, որ կուսակրոնության ուխտը խախտողներ կան։ Էդ խի եք փոխում խոսույթը»,– նշեց նա։


Ալեքսանյանը նաև արձագանքեց այն հարցին, թե ինչպես է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութի փորձաքննության արդյունքը հայտնվել հոգևորականների մոտ․ «Չեմ կարող ասել, բայց նորմալ կվերաբերվեմ, եթե պետական մարմինները գործակցել են եկեղեցու հատուկ հանձնախմբի հետ»։


Նա պնդեց, որ իշխանությունը չի պառակտել եկեղեցին։ Նրա խոսքով՝ խնդիրները կապված են սրբապղծության դեպքերին հետ, և եկեղեցում առկա այլ հարցերի մասին նույնպես խոսվում է։


Ալեքսանյանը հայտարարեց, որ կաթողիկոսի հեռացումը «ժամերի հարց է»՝ ընդգծելով, որ թեմերի մեծ մասը պատրաստ չէ շարունակել ճանապարհն այն անձի հետ, ում նա անվանեց «սրբապիղծ»։


Հարցին, թե ինչ մեխանիզմով կարող է կաթողիկոսը հեռանալ պաշտոնից, պատգամավորը պատասխանեց․ «Շատ մոտակա ժամանակներում ինքը իր ոտքով կհեռանա՝ Աստծո կամքով»։

Պատահարներ