Չգրանցված սարքավորումները կապամոնտաժվեն. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է սուրճի և վճարային տերմինալների ավտոմատ սարքավորումների տեղակայմանը։


«Մենք տեսնում ենք բոլոր ավտոմատ սարքավորումները՝ և՛ գրանցվածները, և՛ չգրանցվածները։ Գրանցվածները ամեն ամիս վճարում են քաղաքապետարանին տուրք, չգրանցվածները չեն վճարում, հետևաբար՝ ենթակա են ապամոնտաժման»,- ասել է նա։


Ավինյանը նշել է, որ մնացել է 1043 չգրանցված սարք, և նա հանձնարարել է բանակցել, քննարկել, պարզել՝ քանիսն են պատրաստ օրինական դաշտ անցնել։ Չգրանցվածները, որոնք չեն ցանկանա օրինականացվել, առհասարակ ապամոնտաժվելու են։


«Դե լավ, ասենք՝ տարին ավարտվեց։ Էլ ինչքա՞ն դիմանանք։ Ինչ-որ վերջնական որոշում պետք է կայացվի։ Իսկ մյուսները, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրենք ի՞նչ են՝ մեղավոր, պատժվա՞ծ։ Ինչու ենք թույլ տալիս սա»,- հավելել է քաղաքապետը:


Նրա խոսքով՝ նոր համակարգով այդ սարքավորումների մասին ողջ տեղեկատվությունն արդեն տեսանելի ու հասանելի է։


«Ընդամենը խնդրում եմ՝ 1-2 շաբաթվա ընթացքում թարմացրեք, տեսեք՝ ուզում են ապարատները մնան, թե ապամոնտաժվեն»,- եզրափակել է Ավինյանը։

Քաղաքականություն