Իրանը Ռուսաստանին նախազգուշացրել էր հնարավոր սպառնալիքի մասին. Reuters

Իրանը Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլի» համերգասրահում տեղի ունեցած հարձակումից առաջ Ռուսաստանին նախազգուշացրել է խոշոր «ահաբեկչական գործողության» հավանականության մասին։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:


«Ռուսաստանում տեղի ունեցած հարձակումից օրեր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն է կիսել, որը ստացվել է Իրանում զոհերի պատճառ դարձած ռմբակոծությունների համար ձերբակալվածների հարցաքննության ընթացքում», - ասել է Reuters-ի աղբյուրներից մեկը։


Իրանը հունվարին 35 մարդու էր ձերբակալել, որոնք առնչություն ունեին Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնք գրեթե 100 զոհի պատճառ են դարձել։


Երկրորդ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Մոսկվային Թեհրանի կողմից տրամադրված տեղեկությունը չէր պարունակում հստակ մանրամասներ՝ կապված հարձակման ժամանակի կամ կոնկրետ թիրախի վերաբերյալ։


«Նրանց հրահանգված էր պատրաստվել Ռուսաստանում մեծ գործողության։ Ահաբեկիչներից մեկը ասել է, որ խմբավորման մի շարք անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան», - ասել է գործակալության երկրորդ աղբյուրը։


Լրատվամիջոցի երրորդ աղբյուրը, որն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է, ասել է, որ Իրանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունը՝ «նախազգուշացնելու Մոսկվային՝ հիմնվելով ձերբակալված ահաբեկիչներից ստացված տեղեկատվության վրա»։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի կողմից տրամադրված տեղեկությունների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»։