Արարատ Միրզոյանը դատի է տվել Հայկ Դեմոյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատի է տվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։


Բանն այն է, որ Դեմոյանը Armlur.am-ի տաղավարում հնչեցրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքերի անհետանալու համար ենթադրյալ մեղավորների անունները։ Հարցազրույցը հրապարակվել էր հետեւյալ վերտառությամբ՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից և պատգամավորից բացի կա ևս մեկը. ով է նա»։


Դատալեքսից տեղեկանում ենք, որ Միրզոյանը Դեմոյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել Armlur TV-ի յութուբյան ալիքում հրապարակված՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից և պատգամավորից բացի կա ևս մեկը. ով է նա» վերտառությամբ տեսանյութում արված հայտարարության մեջ արված տեքստերը։


Արարատ Միրզոյանը Հայկ Դեմոյանին պարտավորեցրել է, բացի հերքումից, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-պատիկի չափով՝ 3 մլն դրամ։


Մեկ այլ հայցադիմումով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ ֆիզիկական անձ Ժաննա Անդրեասյանը Հայկ Դեմոյանից պահանջում են համապատասխանաբար 6 մլն և 3 մլն դրամ։


Նախարարությունը և նախարար Ժաննա Անդրեասյանը պահաջում են զրպարտություն պարունակող հրապարակումները հրապարակայնորեն հերքել, ներողություն խնդրել, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել։ Սակայն նախարարության և Ժաննա Անդրեասյանի հայցադիմումը վերադարձվել է, քանի որ մի ամբողջ կառույց թերի հայցադիմում է ներկայացրել»։

Քաղաքականություն