Բրազիլիայում ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովը խափանվել է հրդեհի պատճառով. ներկա է եղել նաև Համբարձում Մաթևոսյանը
Բրազիլիայի Բելեն քաղաքում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP30) անցկացման վայրում հրդեհ է բռնկվել այն ժամանակ, երբ բանակցողներն արդեն պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ համաժողովի բոլոր մասնակիցները տարհանվել են շենքից։ Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 20-ին, կեսօրից հետո, ցուցահանդեսային տաղավարներից մեկում։ Ծխից թունավորման պատճառով 13 մարդ բուժօգնության կարիք է ունեցել. նրանց օգնություն է ցուցաբերվել տեղում։
Ըստ հրշեջների՝ հրդեհի բռնկման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է էլեկտրական սարքավորումը, հավանաբար, միկրոալիքային վառարանը։ Հրդեհը վերահսկողության տակ են վերցրել վեց րոպեի ընթացքում։
Նոյեմբերի 10-ից մինչև 21-ն անցկացվող համաժողովին մասնակցում է շուրջ 200 երկրի ներկայացուցիչ։ Բրազիլիան համաձայնագրի նախագիծ է կազմել, որով նախատեսվում է ընդլայնել կլիմայի փոփոխության հետ կապված ջանքերը, մեծացնել դրան ուղղված ֆինանսավորումը։ Քննարկումների գլխավոր թեմաներից մեկը եղել է հանածո վառելիքից հրաժարումը։
Նշենք նաև, որ COP30-ին մասնակցելու նպատակով Բրազիլիայում է գտնվում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։





























