Զելենսկի–Էրդողան հանդիպումը սկսվել է Անկարայում. մանրամասներ

Անկարայում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ ամերիկյան նոր խաղաղության նախաձեռնության շուրջ քննարկումների և Կիևում շարունակվող կոռուպցիոն սկանդալի ֆոնի վրա, փոխանցում է РБК-Украина-ն։


Հանդիպումից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում նախատեսում է անցկացնել «ինտենսիվ բանակցություններ»։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ նա կարող է հանդիպել նաև ԱՄՆ նոր նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ, սակայն վերջինս Թուրքիա չի ժամանել։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ հինգշաբթի Զելենսկին նախատեսում է Կիևում ընդունել ԱՄՆ ռազմական պատվիրակությանը։


Axios-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը իր եվրոպացի դաշնակիցների և Կիևի հետ սկսել է քննարկել հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որը մշակվում է ամերիկյան կողմից՝ Ռուսաստանի հետ խորհրդակցելով։


Այդ ընթացքում Ուկրաինայում չի մարում կոռուպցիոն սկանդալը։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է կառավարության հրաժարականը, իսկ պահանջին միացել են նաև իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության մի շարք պատգամավորներ, ինչը կառավարության ներսում լարվածությունը ավելացրել է։

Քաղաքականություն