Կրթությունը միակ ճանապարհն է կյանքը կառավարելի դարձնելու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել է «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» 21-րդ մրցանակաբաշխության արարողությանը, որտեղ այս տարի 126 մասնակիցներից պարգևատրվել են 27 ուսանող և 9 աշակերտ։ Մրցանակները հանձնել է անձամբ վարչապետը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։


Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության դերը և նշել, որ յուրաքանչյուր մարդու համար ամենամեծ մարտահրավերը հենց կյանքն է։ Նրա խոսքով՝ մարտահրավերները պետք է տեսնել որպես բնական գործընթաց, իսկ դրանց հաղթահարման գլխավոր ուղին գիտելիքն է։

«Եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվում, դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Կրթությունն է միակ ճանապարհը՝ չիմացության մակարդակը նվազեցնելու և կյանքը ավելի կառավարելի դարձնելու համար»,– ընդգծել է վարչապետը։


Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության ոլորտում՝ նպատակ ունենալով հաջորդ սերնդին փոխանցել ավելի բարձր իմացության մակարդակ։ Վարչապետի խոսքով՝ մարդը բարձրագույն արժեք է, և դա նախևառաջ պետք է գիտակցի հենց ինքը մարդը. «Եթե մենք ակնկալում ենք, որ պետությունն առավելագույնը կատարի մարդու համար, տրամաբանական է, որ մարդն էլ իրենից ակնկալի առավելագույնը։ Իսկ դա առաջին հերթին կրթություն ստանալն է»։


Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցանակակիրներին իրենց ջանքերի համար՝ ընդգծելով, որ նրանք իրենց համարում են բարձրագույն արժեք, իսկ այդ ճանապարհով նաև իրենց պետությունն ու երկիրն են դարձնում բարձրագույն արժեք։


ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թվականին՝ Սինոփսիս Արմենիայի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով իրականացվող այս նախաձեռնությունը նպաստում է կառավարության, բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությանը։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 707 պատանի, նրանցից 495-ը ուսանող, իսկ 212-ը՝ աշակերտ։



Քաղաքականություն