Իրանին ջուր մատակարարելու հարցում Հայաստանը սահմանափակումներ ունի

Թեհրանում խորացող ջրի ճգնաժամի պայմաններում Հայաստանը գրեթե չի կարող աջակցել Իրանին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը՝ ընդգծելով, որ մեծ ծավալներով ջուր տեղափոխելու գաղափարը գործնականում իրատեսական չէ։


Երկարատև երաշտի հետևանքով Իրանի մի շարք շրջաններում խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եթե մինչև նոյեմբերի վերջյան տասնօրյակը անձրևներ չլինեն, մայրաքաղաքում կարող են սկսվել տարհանումներ։


Աղաբաբյանի խոսքով՝ Հայաստանի ջրային պաշարները բավարար չեն նման ծավալների փոխադրման համար, իսկ տեխնիկական կողմը խնդիրը դարձնում է գրեթե անիրագործելի։


«Հատկապես Թեհրանի նման բազմամիլիոնանոց քաղաքի դեպքում դա պարզապես անհնար է։ Լավագույն դեպքում սահմանամերձ հատվածներում կարելի է տրամադրել փոքրածավալ օգնություն, բայց դա լինելու է միայն էպիզոդիկ»,– նշել է նա։


Փորձագետը հիշեցրել է, որ շուրջ տասն տարի առաջ ուսումնասիրվել էր Հայաստանի Շաքիի աղբյուրներից Իրան 1000 լիտր/վրկ ջուր տեղափոխելու տարբերակը, սակայն ծրագիրը գնահատվել էր չափազանց ծախսատար։ Լեռնանցքներով անցնող երկար խողովակաշարերը ոչ միայն մեծ ֆինանսավորում կպահանջեին, այլև անվտանգ չէին ջրի որակի տեսանկյունից։


Աղաբաբաբյանի կարծիքով՝ Իրանը ստիպված է լինելու ավելի հաճախ դիմակայել ջրային ճգնաժամերի․ դրա ամենաարդյունավետ լուծումը ծովի ջրի աղազերծումն է։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարն ու Քուվեյթը վաղուց են կիրառվում այս տեխնոլոգիան՝ հարյուրավոր կիլոմետրերով մատակարարելով աղազերծված ջուր։


Այնուամենայնիվ, աղազերծումն ինքնին թանկ գործընթաց է։ Սաուդյան Արաբիայում 1 խմ աղազերծված ջրի արժեքը մոտ 1․5 դոլար է, իսկ ճապոնական տեխնոլոգիաներով՝ շուրջ 0․5 դոլար։ Այս արժեքին գումարվում են նաև տեղափոխման ծախսերը, որոնք ջուրը դարձնում են ավելի թանկ ապրանք։


Իրանն ունի սակավ ջրային ռեսուրսներ՝ բնական աղբյուրներ և խորքային հորեր։ Թեհրանում սպառվող ջրի 70 տոկոսը ստացվում է ջրամբարներից, որոնք ներկայումս գրեթե ցամաքել են։ Թեհրան նահանգի ջրամատակարարման ծառայության տվյալներով՝ մայրաքաղաքը ապահովող Ամիր Քաբիրի ջրամբարի պաշարները կբավականացնեն ընդամենը երկու շաբաթ։

Քաղաքականություն

Պատահարներ