Վաղարշապատի ընտրություններին մասնակցող թեկնածուների հայտարարագրերը
2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կկայանան ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում է 8 քաղաքական ուժ։ «Հետք»-ը հրապարակել է այդ ուժերի ընտրական ցուցակների առաջին երեք համարների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Ըստ օրենսդրության՝ թեկնածուները պարտավոր են թեկնածուի գրանցման ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը համապատասխան ընտրական հանձնաժողով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025թ. մարտի 27-ի որոշմամբ հաստատել է հայտարարագրի ձևը, ներկայացման կարգն ու հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը։ Ըստ դրա՝ թեկնածուները հայտարարագրում են իրենց անշարժ և շարժական գույքը, եթե 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել են սեփականություն կամ գույքային իրավունքներ։
Եկամուտների բաժնում նշվում են նախորդ 12 ամիսների ընթացքում ստացված եկամուտները, իսկ արժեթղթերի և դրամական միջոցների մասին տվյալները հայտարարագրվում են, եթե դրանք առկա են եղել նույն ամսաթվի դրությամբ։
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը Սևակ Խաչատրյանն է։ Նրա հայտարարագրի համաձայն՝ Խաչատրյանը որպես ընդհանուր բաժնային և միանձնյա սեփականություն ունի երկու առանձնատուն, մեկ բնակարան և երեք հողատարածք։
Շարժական գույքից նա հայտարարագրել է երեք ավտոմեքենա՝ 2024թ. արտադրության BYD Song Plus EV, 2022թ. արտադրության Lexus ES 250 2.5 և 2006թ. արտադրության Nissan X-Trail 2.0 մակնիշների։






























