Չինաստանը կարող է վերանայել Հարավային Կորեայի ժամանցային ոլորտի տասնամյա արգելքը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը Կյոնջուում կայացած երկկողմ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել են մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը։ Քննարկման ընթացքում շեշտվել է կորեական ժամանցային ոլորտի՝ Չինաստանի շուկա վերադարձի կարևորությունը՝ որպես երկկողմ վստահության վերականգնման քայլ։
Հանդիպումը բարձրացրել է ակնկալիքները, որ Պեկինը կարող է վերանայել շուրջ տասը տարի գործող ոչ պաշտոնական սահմանափակումը՝ հարավկորեական մշակութային բովանդակության վրա։ Այս արգելքը ձևավորվել էր 2016-ին՝ Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման ֆոնին, ինչը Չինաստանը գնահատեց որպես իր անվտանգության սպառնալիք։
Գագաթնաժողովում քննարկվել են նաև իրավական և ընթացակարգային խոչընդոտները, որոնք պետք է հարթվեն՝ մշակութային փոխանակման ամբողջական վերականգնման համար։ Թեև Սի Ծինփինը դրական է արձագանքել Սեուլի՝ Պեկինում K-pop համերգ կազմակերպելու առաջարկին, հարավկորեական Կառավարական մշակութային փոխանակման հանձնաժողովը զգուշացրել է, որ դեռ վաղ է խոսել հստակ որոշումների մասին։
Մասնագետները նշում են, որ եթե չինական շուկան բացվի կորեական բովանդակության համար, դա կարող է նոր թափ հաղորդել Հարավային Կորեայի ժամանցային արդյունաբերությանը։ Հատկապես կշահեն խոշոր ընկերությունները՝ Hybe, SM Entertainment, CJ ENM և JYP Entertainment, որոնց բիզնես մոդելները մեծապես կախված են միջազգային լսարանի հասանելիությունից։





























