Պետք է սովորենք ապրել նոր՝ խաղաղության միջավայրում. Պապոյան
Վերջին հինգ տարում Հայաստանում 1 շնչին հասնող համախառն ներքին արդյունքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով շուրջ 8600 դոլարի։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական և ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա արդյունքներով ցուցանիշը կանցնի 9000 դոլարի սահմանը, ինչը, ըստ նախարարի, տպավորիչ տնտեսական աճ է։
«Մեր երկիրը նաև որակական առումով էական առաջընթաց է գրանցել։ Օրինակ՝ Ջինիի գործակիցը մեր տարածաշրջանում ամենացածրն է, ինչը նշանակում է՝ եկամուտների բաշխումն ավելի հավասար է։ Աշխատատեղերի քանակը հասել է 805 հազարի, ամեն տարի նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Բացի այդ, Գլոբալ ինովացիոն ինդեքսում մենք 59-րդ տեղում ենք, ինչը ևս բարձր ցուցանիշ է»,- նշել է Պապոյանը։
Նախարարը անդրադարձել է նաև արտաքին տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին՝ նշելով, որ վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել մի շարք խոշոր միջազգային բրենդների ներկայացուցիչների հետ։ «Շատ շուտով նրանցից մեկը կմտնի հայկական շուկա»,- ասել է նա՝ առանց մանրամասների։
Պապոյանը հավելել է, որ ներկայում գնահատվում է նաև սահմանի բացման հնարավոր ազդեցությունը ներդրումների և տնտեսական ակտիվության վրա։
Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ նախարարը ընդգծել է, որ պատերազմական և խաղաղության պայմաններում տնտեսության վարքագիծը տարբեր է, և Հայաստանը պետք է սովորի նոր միջավայրում արդյունավետ զարգանալ։





























