Մենք թույլ չենք տա Ռուսաստանին մեզ ցույց տալ՝ ինչպես փրկել Հայաստանը. Խանդանյան
Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը այսօր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում, նշել է, որ Հայաստանը չունի արտաքին «փրկիչների» կարիք։
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին մեզ ցույց տալ, թե ինչպես փրկել Հայաստանը․ մենք բավականաչափ փրկիչներ ունենք, հայ ժողովուրդը Հայաստանից դուրս փրկիչների կարիք չունի»,- հայտարարել է Խանդանյանը։
Նա նշել է, որ ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում նկատվում են հիբրիդային հարձակումների օրինաչափություններ։ Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկումներին՝ Խանդանյանը վստահեցրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«2018 թվականից ի վեր Հայաստանը փոխզիջման չի գնում կոռուպցիայի և ինքնիշխանության սպառնալիքների հետ»,-ընդգծել է պատգամավորը։
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր շատ փխրուն, բայց իրական խաղաղություն է հաստատվել, և անհրաժեշտ է անել ամեն ինչ դրա պահպանման համար։ Նա հիշեցրել է նաև Ադրբեջանում պահվող անձանց և անհայտ կորածների հարցը՝ որպես չլուծված խնդիրներից մեկը։
Խանդանյանը հավելել է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը և TRIPP ծրագրի իրականացումը կարող են ոչ միայն Հայաստանին, այլև Կենտրոնական Ասիային ավելի մոտեցնել Եվրոպական միությանը՝ դառնալով տարածաշրջանի անվտանգության կարևոր երաշխիք։





























