Հաջորդ տարվա սկզբին կարելի է սպասել ավելի լավ ցուցանիշների. Պապոյանը՝ տնտեսական աճի մասին

2026 թվականի պետական բյուջեի պլանավորումը լավ հնարավորություն է նախորդ և ընթացիկ տնտեսական զարգացումները գնահատելու համար։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Նախարարի խոսքով՝ 2024 թվականի արդյունքներով գրանցվել է ՀՆԱ-ի 5,9 տոկոս իրական աճ, իսկ 2025-ի առաջին կիսամյակում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5,6 տոկոս։


«Զարգացումները դրական ուղղությամբ են գնում։ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,6 տոկոս, իսկ վերջին ամսվանը՝ 10,5 տոկոս։ Սա վկայում է Կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին և հիմք է տալիս ենթադրելու, որ բյուջեով նախատեսվածից բարձր տնտեսական աճ կարձանագրենք»,- նշել է Պապոյանը։


Նրա խոսքով՝ նախարարության նպատակն է ապահովել ավելի բարձր տնտեսական աճ, քան պետական բյուջեում նախանշված է, և տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին կարելի է սպասել ավելի լավ ցուցանիշների։

Քաղաքականություն