ԿԲ նախագահը՝ 2026-ի տնտեսական աճի կանխատեսման մասին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԿԲ եզրակացությունը 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ նախորդ տարիներին տնտեսական բարձր աճը պայմանավորած կարճաժամկետ գործոնների ազդեցությունը աստիճանաբար նվազում է, և առաջիկա շրջանում կայուն աճի ապահովումը կախված կլինի արտադրողականության բարձրացման, արտահանման խթանման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականություններից։


Գալստյանի խոսքով՝ 2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը կմոտեցվի 5,4 տոկոսի տնտեսական աճի կանխատեսմանը՝ միաժամանակ պահպանելով պարտքի կայունությունն ու ֆիսկալ համախմբումը։ Նա նաև կարևորել է պահուստային ֆոնդի խիստ նպատակային օգտագործումը՝ միայն մակրոտնտեսական ռիսկերից բխող լրացուցիչ ֆինանսական պահանջների դեպքում։


ԿԲ ղեկավարը նշել է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռիսկեր, որոնք կարող են ազդել տնտեսական ներուժի կայունության վրա։ Նա հավելել է, որ 2026-ին նախատեսվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 0,4 տոկոսային կետով աճ՝ հասնելով 24,9 տոկոսի։

Քաղաքականություն

Պատահարներ