Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են. հիմնական անկումը եղել է ՌԴ-ից
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մտած արտասահմանյան ներդրումների մաքուր հոսքը կազմել է մոտ 48 մլրդ դրամ։ 2024 թվականի առաջին կիսամյակում այս թիվը 107.2 մլրդ դրամ է կազմել։ Սրանք Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Այս մասին գրել է «sputnik Արմենիան»
Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են, հիմնականում անկումը գրանցվել է Ռուսաստանից և օֆշորներից։
Ռուսաստան
2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից ներդրումների զգալի արտահոսք է գրանցվել՝ 55.1 մլրդ դրամ: Այդ թվում ուղիղ ներդրումները կրճատվել են մոտ 27 մլրդ դրամով: Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին երկու ցուցանիշներն էլ դրական են եղել՝ համապատասխանաբար 10.2 մլրդ դրամ և 8.7 մլրդ դրամ:
Ներդրումային վիճակագրությունը ներառում է նաև ապրանքների և ծառայությունների դիմաց արված վճարումները: Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը նվազումը կապված է հիմնականում ոսկու վերաարտահանման անկման հետ, դա կարող էր ազդել ընդհանուր ցուցանիշի վրա: Ուղղակի ներդրումների կրճատումը, հավանաբար, պայմանավորված է Հայաստանում նախկինում գործող ռուսական ՏՏ ընկերությունների ակտիվության նվազմամբ:
«Զվարթնոց» և Լյուքսեմբուրգ
Ինչպես 2023 թվականին, օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղություն է Լյուքսեմբուրգը, որը հայտնի է իր արտոնյալ հարկային ռեժիմով։ Եվ սա պատահական չէ. հենց այստեղ է գտնվում արգենտինական կապիտալով «Corporacion America»-ի գլխավոր գրասենյակը, որը պատկանում է հայկական ծագում ունեցող Էռնեկյանների ընտանիքին։
«Corporacion America»-ն ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ օդանավակայաններ է կառավարում, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները։
2025 թվականի առաջին կիսամյակում Լյուքսեմբուրգից ներդրումների հոսքը կազմել է 23.7 մլրդ դրամ, ընդ որում ողջ ծավալն ապահովել են ուղղակի ներդրումները։





























